Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 5

:
Armenian - 2018
1 Տյուրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավոր օծել, որովհետև Քիրամը միշտ էլ սիրել էր Դավթին։
2 Եվ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամի մոտ՝ ասելով.
3 «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։
4 Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։
5 Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ՝ ասելով. “Քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարեն, իմ անվան տունը նա է շինելու”։
6 Արդ հրամա՛ն տուր, որ Լիբանանից մայրիներ կտրեն ինձ համար, և իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, և ես քո ծառաներին այնքան վարձ կտամ, որքան դու կասես, որովհետև դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ սիդոնացիների նման փայտ կտրել իմանա»։
7 Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը, որ Դավթին իմաստուն որդի է տվել՝ այդ մեծ ժողովրդի վրա իշխելու»։
8 Եվ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Ես լսեցի այն խոսքը, որ ուղարկել ես ինձ. ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես եղևնափայտի և մայրու փայտի մասին։
9 Իմ ծառաները Լիբանանից փայտը կիջեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս. այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես. իսկ դու կկատարես իմ կամքը. հաց կտաս իմ տանը»։
10 Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղևնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր։
11 Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։
12 Եվ Տերն իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշինք կնքեցին իրար հետ։
13 Եվ Սողոմոն թագավորը մարդահարկ դրեց ամբողջ Իսրայելի վրա. հարկադիր աշխատող դարձան երեսուն հազար մարդ։
14 Նա հաջորդաբար նրանցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան, որոնք մեկ ամիս լինում էին Լիբանանում և երկու ամիս՝ տանը. այդ հարկի վերակացուն Ադոնիրամն էր։
15 Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ,
16 բացի երեք հազար երեք հարյուր վերակացուների պետերից, որ Սողոմոնը դրել էր գործավորներին վերահսկելու համար։
17 Եվ թագավորը հրամայեց, որ մեծ քարեր կտրեն, ընտիր քարեր՝ տան հիմքը տաշած քարերով դնելու համար։
18 Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։